Եթե վիճակը շատ լավ լիներ, քաղաքականության մեջ չէի լինի. Գալուստ Սահակյան
Թանկացումների դեմ «Ելք» դաշինքի բողոքի երթը չի անհանգստացնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին։ NEWS.am–ի հետ զրույցում նա ասել է, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ։
«Միշտ մտածեք, որ մեր ժողովուրդը բավականին ծանր տարիներ ապրած ժողովուրդ է, մեր ժողովուրդը հեղափոխական չէ։ Տարբեր տեղերից ենթատեքստ վերցրած քաղաքական գործիչները մտածում են, որ հեղափոխություն լինի, ուրեմն երկիրդ առաջ է գնալու։ Ամբողջ Ռուսաստանում մեծ հեղափոխություն եղավ, Լենինն էլ դրոշակակիրն էր, կամ ֆրանսիական բուրժուական հեղափոխությունները եղան, ինչ ստացավ Ֆրանսիան»,–ասել է Գալուստ Սահակյանը։
Գալուստ Սահակյանի կարծիքով ժողովրդի բողոքը զսպելու համար իշխանությունը պետք է համոզիչ բացատրի՝ ինչով է պայմանավորված գնաճը։ «Պիտի հնարավորինս մեր կառավարությունը, նախարարները պիտի ժողովրդին պարզաբանեն՝ թանկացումները ինչի հետևանք են, որ ժողովուրդը հավատա դրան։ Երևանում 350 հազար մեքենատեր կա, էս մարդիկ լավ ապրող են, 100 հազարն է վատ ապրում....Ինձ հարցնում են՝ ինչի ես քաղաքականության մեջ, ես պատասխանում եմ հետևյալը, որովհետև էս է վիճակը, եթե վիճակը շատ լավ լիներ, քաղաքականության մեջ չէի լինի»,–ասել է Գալուստ Սահակյանը՝ դժվարանալով կանխատեսել, թե ուր կլիներ, եթե չլիներ քաղաքականության մեջ։