Հարձակում՝ Բրյուսելի թուրքաբնակ թաղամասում գտնվող հայկական միության շենքի վրա
Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը: Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը
Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել ազգայնամոլական հողի վրա, քանի որ թաղամասը հիմնականում թուրքաբնակ է: Այստեղ ապրում են Թուրքիայից գաղթած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց ազգայնամոլական գործունեությամբ: «Agos»ը հիշեցնում է, որ 6 տարի առաջ այստեղ հարձակման էին ենթարկվել հայկական և ասորական կազմակերպությունները:
Իսկ տեղի թաղապետը ազգությամբ թուրք Էմիր Քիրն է, ով մի քանի անգամ քրդերին արգելել էր թաղամասում ցույցեր կազմակերպել:
«Սահակյան միությունը» վրա հարձակումը իրականացվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչը պատահական չէ:
Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: