Հարցրեք այս կեղտոտ հային. ամերիկյան հայտնի շոուի եթերում նվաստացրել են հայերին (տեսանյութ)
Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ բողոքելով ամերիկյան հայտնի Daily Show հաղորդաշարի ընթացքում հայերի վերաբերյալ հնչած ձևակերպման դեմ:
Հաղորդավար Թրևոր Նոան գործածել է filthy Armenians՝ կեղտոտ հայեր ձևակերպումը, ինչը հայկական կազմակերպության գնահատմամբ իսկական խայտառակություն է, որը խիստ զայրացրել է ԱՄՆ հայ համայնքին:
Թողարկման ընթացքում հաղորդավարը մեջ է բերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ թվիթերում արած վերջին հրապարակումներից մեկը: Այդ գրառման մեջ Թրամփը հայտարարել է, թե իր 2 կարևորագույն հատկանիշները միշտ եղել են մտավոր վիճակի կայունությունը և խելացի լինելը, և ոչ թե պարզապես խելացի, այլ հանճար լինելը: Այս խոսքերը, ըստ հաղորդավարի, ծիծաղել են:
«Սա իսկապես ծիծաղելի է: Նույն բանն է, ինչ ինչ-որ մեկը ասի. «Ես իսկապես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հայից»,- ասում է հաղորդավարը:
Նրա օգտագործած «filthy» բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է կեղտոտ, չլվացված, զզվելի, տհաճ:
Հայ փաստաբանները դատապարտում են նման քայլը և ներողություն են ակնկալում:
Daily Show-ն Էմմիի մրցանակակիր հաղորդում է, որն ամեն օր անդրադառնում է օրվա քաղաքական, փոփ մշակույթի թոփ թեմաներին՝ սուր մեկնաբանություններով: