Անդրե Սիմոնյանին կյանքում պակասում է միայն սերը, ինչը նա դեռ չի գտել
ՀարցազրույցներOperative.am-ի հարցերին պատասխանում է ռոք երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Անդրե Սիմոնյանը:
-Կնկարագրե՞ք Ձեզ 3 բառով:
- Ավելի ճիշտ կլինի, եթե դուք նկարագրեք: Ես այդ հարցին երբեք չեմ պատասխանում, որովհետև կարող է ասեմ այն գիծը, ինչպիսին ուզում եմ լինել, բայց դա չլինեմ ես: Ինքնագովասանքով չեմ սիրում զբաղվել:
- Ամենախենթ քայլը, որ երբևէ արել եք կյանքում և հիշում եք:
-Անցյալ տարի 10 րոպե կախված էի մնացել սարից' վտանգավոր մասում, մինչև գյուղի մարդիկ եկան ու փրկեցին: Բայց հաջորդ օրը գնացի հիվանդանոց և թեստեր հանձնեցի, քանի որ շաքարս բարձրացել էր: ))
-Ինչը՞ երբեք չեք ների:
-Սուտը:
-Իսկ ինչը՞ կարող է ուրախություն պատճառել Ձեզ:
-Սերը հանդեպ այն բաների, որ անում եմ: Կապ չունի դա երգ գրելն է, մի հոգու լավություն անելն է, թե հենց սերը:
-Որտե՞ղ կարելի է տեսնել Անդրեին: Երևանի որ վայրերում եք ավելի հաճախ լինում:
-Սիրում եմ The Green Bean-ը, որովհետև այնտեղ չեն ծխում: Ամռանը սիրում եմ բացօթյա սրճարաններ, բայց Հայաստանի ակումբային կյանքից շատ հեռու եմ: Չեմ սիրում ո'չ երաժշտությունը, ո'չ էլ միջավայրը: Նկուղային շոգ, քրտնած և ծխոտ վայրեր չեմ սիրում:
-Այսինքն Դուք անկաշկանդ լինում եք հանրային վայրերում, և եթե ձեզ մոտենում են երկրպագուները հանգիստ զրուցո՞ւմ եք.
-Այո, դա շատ հաճելի է ինձ համար:
-Ըստ Ձեզ, Անդրեն բեմում և բեմից դուրս նո՞ւյնն է:
-Երբ բեմի վրա ես, ինչքան էլ փորձում ես անկեղծ լինել, մեջը կա դերասանական մի բան: Այսինքն դու մի դիմակի հետևում ես հայտնվում, և ուզում ես' քեզ սիրեն: Ինչքան էլ մարդիկ ասեն' «մենք անկեղծ ենք», միևնույն է փորձում են գրավել ժողովրդի ուշադրությունը և սիրվել: Մենք փորձում ենք բեմական և անկեղծության բալանսը ճիշտ պահել, որպեսզի շատ կեղծ չերևա:
-Ինչը՞ Ձեզ կարող է բարկացնել:
-Անկազմակերպ լինելը, սուտ ասելը: Մարդիկ, որ իրենց «քիթը անիմաստ մտցնում են» կյանքիս մեջ:
-Ամենանյարդայնացնող հարցը, որ Ձեզ տվել են:
-Ե՞րբ եք Եվրատեսիլին մասնակցելու:
-Իսկ ե՞րբ եք մասնակցելու: Պատասխանե՞լ եք այդ հարցին:
-Այո, միշտ նույն պատասխանն է' երբեք:
-Կա՞ Ձեր բնավորության մեջ գիծ, որը կուզենայիք փոխել:
-Այո: ես անչափ էգոիստ եմ: Սիրում եմ, որ առաջին հերթին ամեն ինչն ինձ հարմար լինի:
-Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ եք եկել Հայաստան, Դուք պատասխանել եք, որ ամեն մարդ փնտրում է այն, ինչ չունի: Ես չունեի հայրենիք, դրա համար եմ եկել: Այժմ Դուք այստեղ եք և ունեք հայրենիք: Ի՞նչ չունի Անդրեն հիմա:
-Կյանքում սեր:
-Իսկ ինչո՞ւ չունի սեր:
-Որովհետև դեռ չի գտել: Բարդ է մի քիչ, քանի որ իմ ուշադրությունն ու սերը հիմա դեպի մեր երաժշտությունն է:
-Մի քանի հարց էլ խմբի վերաբերյալ: Գիտեմ, որ պլաններ կան դուրս գալ եվրոպական շուկա, գրավել ոչ թե սփյուռքահայերին, այլ եվրոպացիներին: Կա՞ն կոնկրետ ծրագրեր:
-Այո, մենք ունենք հրավեր 6 տարբեր եվրոպական երկրներից: Նրանք սպասում են, որպեսզի մեր նոր ալբոմը թողարկելուց հետո կազմակերպենք այդ շրջագայությունը: Հավանաբար դա կլինի հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև նոյեմների կեսը, իսկ համերգները կսկսվեն Վիեննայից և կավարտվեն Լոնդոնով: Դեռ վերջնական պայմանագրերը ստորագրված չեն, այդ իսկ պատճառով շատ քաղաքների անուններ առայժմ չեմ ուզում նշել:
-The Beautified Project-ը իր համերգներին պարբերաբար հրավիրում է երիտասարդ և տաղանդավոր կատարողների: Դուք փորձում եք նոր անուններին մտցնել շոու բիզնե՞ս և ավելի լսելի՞ դարձնել իրենց անունը:
-Մենք փորձում ենք այդ տաղանդավոր մարդկանց բեմահարթակ տրամադրել' հեռու պահելով շոու բիզնեսից: Այսինքն' հայտնվելով որակով հանդիսատեսի առջև` իրենք կզգան, որ դա ավելի հաճելի է, քան լինել մի սուտ միջավայրի մասնիկը, որը հայկական շոու բիզնեսն է:
Զրուցեց` Սաթինե Թադևոսյանը