«Ֆրանսիայում Արցախի օրերը» շարունակվում են Լե Պեն Միրաբո քաղաքում
«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում շարունակվում են միջոցառումներ կազմակերպվել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում։
Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի Լե Պեն Միրաբո քաղաքում, որտեղ հունվարի 8-ին տեղի է ունեցել փառատոնի բացման հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լե Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիելը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամավորներ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը եւ Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են, մասնավորապես, ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճամփորդություն դեպի Արցախ» գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները, ինչպես նաեւ իրավագետ Ժերար Գերգերյանի «Ազգերի ինքնորոշման իրավունքը եւ արցախյան հակամարտության իրավական կողմերը» թեմայով ազատ դասախոսությունը, որի ընթացքում հանդես կգա նաեւ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։