Վրաստանում կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությունը (լուսանկարներ)
Թբիլիսիի Կովկասյան տանը հունվարի 8-ին, տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցել ենմ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացել է Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։
«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրեց պատվոգրով և հանձնեց Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։
Պատվոգրեր հանձնվեցին նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Նշենք, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։ Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: