Գարեգին Բ-ն շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեության հետ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի Համակարգչային և ինժիներատեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն տիար Սմբատ Մարգարյանը:
Այնուհետև Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով տարեսկզբի օրերին այս հանդիպման առիթով, իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին այն աշխատանքի համար, որ իրականացվում է սիրով, նվիրումով ու նախանձախնդրությամբ:
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձ կատարեց առաջիկա ծրագրերին, խոսեց մասնավորապես տարվա ընթացքում տոնախմբվելիք հոբելյաններին` Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և նախատեսվող միջոցառումներին Մայր Աթոռի կարևոր մասնակցության մասին: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև 2018 թվականը Երիտասարդության տարի հռչակելու առիթով Սփյուռքի թեմերից դեպի Հայաստան ծրագրվող բազմաթիվ երիտասարդական ուխտագնացությունների և այլ միջոցառումների մասին:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց քաջառողջություն և ընտանեկան երջանկություն՝ հայցելով Երկնավորին` Իր օրհնությունն ու շնորհները հեղել նրանց օջախներից ներս, որպեսզի ուրախության զգացումով կարողանան իրենց ամբողջանվեր ծառայությունը բերել Սուրբ Եկեղեցուն»: