Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Թրամփին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշուման համար
Իրանի հայերն իրենց այլ հայրենակիցների հետ ապրում են հավասար պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո: Այս մասին Իրանի Թավրիզ քաղաքում Սուրբ Ծննդյանը նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանը, փոխանցում է Iran-ը:
Նրա խոսքով՝ հայերի և իրանցիների միջև պետք է երկրի առաջընթացին համապատասխան փոխգործակցություն և համագործակցություն լինի: Արքեպիսկոպոս Չիֆթչյանը ողջունել է մարզային պաշտոնյաների մասնակցությունը միջոցառմանը` նշելով, որ մարզերի հայերը Իրանի ամբողջ ժողովրդի և պաշտոնատար անձանց հետ միասին իսլամական հասարակության անդամներ են: «Մենք բոլորս եղբայրներ ենք և ուրախ ենք տեսնել մեր արարողություններին մասնակցող պաշտոնյաների»,-ասել է արքեպիսկոպոսը:
Դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը՝ հայ հոգևորականն ասել է.« Հիսուս Քրիստոսը ծնվել է Պաղեստինում՝ Երուսաղեմում, սակայն մեծ սատանան և գլոբալ ամբարտավանությունը ցանկանում են կիսել Պաղեստինը, մինչդեռ Պաղեստինը, Երուսաղեմը և Բեյթ ալ-Մուքադդասը բոլոր կրոններին են պատկանում, ոչ թե՝ որևէ անձի կամ մարդկանց խմբի»: