Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
Իրանի Իսլամական հանրապետության խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսած բողոքի լայնածավալ գործողությունները երեկվանից սկսած հանդարտվում են, Իրանի պես հզոր երկիրն անհնար է քանդել, ասել է Թեհրանի հայկական թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը: Այս մասին գրում է Arevelk.am-ը:
«Իրանը շատ ուժեղ և զորավոր երկիր է, ինչ-որ բաներ, այո՛, եղան, տնտեսական տագնապը որոշ մարդկանց փողոց հանեց, բայց ինչպես տեսնում եք՝ իշխանությունը կացության տերն է, իրանցի ժողովուրդն էլ իր հերթին կապված է իր արժեքներին, իր երկրին և արաբների պես իր ձեռքով իր երկիրը չի քանդի»,- ասել է Թեհրանի թեմի առաջնորդը:
Նա նշեց նաև, որ հայկական բնակավայրերը զերծ են մնացել խժդժություններից, ավելին, այդ օրերին հայերը տոնել են Նոր տարին, իսկ հիմա պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին:
«Նոր տարվա առաջին օրը ես շնորհավորական այցելություններ տվեցի այն հայ ընտանիքներին, որոնք զոհ են ունեցել իրանա-իրաքյան պատերազմում, այցելեցի կարիքավորներին, մինչև ուշ երեկո այցելություններով անցկացրի, և նկատելի էր, որ հայկական համայնքում կյանքը չի խաթարվել, բնականոն հունի մեջ է: Ընդամենը երեկ Թեհրանի քաղաքապետը մեծ ընդունելություն-ճաշկերույթ էր կազմակերպել, բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներին հրավիրել էր, ավելի քան չորս հարյուր հոգի էր ներկա, ես էլ էի հրավիրված և խոսեցի այդ հավաքի ընթացքում»,- Թեհրանի այսօրվա մթնոլորտը ներկայացրեց առաջնորդը:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ իբր Իրանի վերջին գործողությունները հրահրված են, Սեպուհ արք. Սարգսյանը պատասխանել է. «Այս դեպքերը կարող են ե՛ւ բնական, ե՛ւ անբնական լինել: Բոլոր երկրներում էլ, բնականաբար նմանատիպ դժգոհություններ լինում են, տնտեսական տագնապը, դժվարությունը երբեմն մարդկանց անել կացության են մատնում, մարդիկ փողոց են իջնում, բայց Իրանը շատ արագ վերագտավ իր խաղաղությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ Իրանի խաղաղությունը օրհնաբեր կարող է լինել հարևան երկրների համար, այնպես որ բոլորով ցանկանք այդ խաղաղությունը: Ինչպես նաև, մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին շնորհաբեր Նոր տարի, Աստվածային օրհնություններով օծված տարի թող լինի»: