Իվանկա Թրամփը հավակնում է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը
Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքում, որը հատվածաբար սկսել է հրապարակվել ամերիկյան New York Magazine պարբերականի էջերում, հեղինակը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հավակնում է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը: Այս մասին գրում է НТВ-ն:
Վուլֆը նշել է, որ այդ հավակնության պատճառով են Իվանկան ու իր ամուսինը՝ Թրամփի խորհրդական դարձած Ջարեդ Քուշները, համաձայնել տեղ գտնել նախագահի վարչակազմում:
«Զույգը պայմանավորվածություն է ձեռք բերել. եթե հետագայում լինի նման հնարավորություն՝ Իվանկան կառաջադրվի որպես նախագահի թեկնածու»,- գրում է լրագրողը:
Գրքում տեղ են գտել խնդրահարույց պնդումներ առ այն, թե Թրամփն ամենևին չի հավակնել դառնալ ԱՄՆ նախագահ, իսկ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, շոկի է մատնվել, երբ իմացել է առաջին տիկին դառնալու մասին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Բենոնի մի շարք հայտարարություններ, ասել էր, որ վերջինս «խելքը թռցրել է» և որևէ կապ չունի նախագահական ընտրություններում իր տարած հաղթանակի հետ: