Նադեժդա Բաբկինան այցելել է Գառնու տաճար (լուսանկարներ)
Ամանորը Հայաստանում անցկացնելու նպատակով Երևանում է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Русская песня» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նադեժդա Բաբկինան:
Երգչուհուն ուղեկցել են թատրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Սոբյանինի և ՌԴ Կեմորովոյի մարզի փոխմարզպետ Ելենա Պախոմովան, ում հետ Ն. Բաբկինան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի, տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են հուշարձանի տարածքում` ծանոթացել մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկի պատմությանը, ապա տաճարի ներսում ունկնդրել դուդուկի անզուգական հնչյունները:
Հայկական հոգևոր երաժշտությամբ տպավորված ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան ինքն էլ կատարումով է հանդես եկել: Այցի ավարտին «Русская песня» թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը նշել է, որ առաջին անգամ է Գառնիում և ստացած տեղեկատվությունն այնքան բովանդակալից է, որ դժվարանում է խոսել տպավորությունների մասին:
«Ինձ դուր է գալիս, որ դուք այստեղ ապրում ու այս ամենի մասին պատմում եք սիրով ու հուզմունքով: Իմ ամենագլխավոր տպավորությունը, որ Ամանորը անցկացնում եմ Հայաստանում, որտեղ մարդիկ այն նշում են ուրախ, երգում են, ուրախանում», -իր խոսքում մասնավորապես նշել է Ն. Բաբկինան: