Իմ վարկանիշն ավելի վատը չէ, քան Օբամայինը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր կառավարման առաջին տարվա արդյունքներով բնակչության կողմից տրված աջակցության վարկանիշը: Այս մասին գրում է Mignews.com-ը:
Նրա խոսքով՝ իր վարկանիշը չի զիջում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ցուցանիշին համապատասխան փուլում: Թրամփի աս հայտարարությունը հայտնվել է դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահի Twitter-ի էջում:
Համապատասխան հայտարարությունն անելով՝ Թրամփը վկայակոչել է հարցման արդյունքները, որն անցկացրել է Rasmussen Reports հետազոտական ծառայությունը:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այսօրվա դրությամբ նրա վարկանիշն այնքան էլ վատը չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրա դեմ է տրամադրված տեղական ԶԼՄ-ների մեծ մասը: Բացի այդ, չպետք է մոռանալ վերջերս տեղի ունեցած վեճերը՝ կապված նախագահական ընտրությունների ընթացքում ռուսների հետ Թրամփի գործարքի հետ:
«Չնայած կեղծ տեղեկատվության միջոցները սիրում են խոսել, այսպես ասած, աջակցության ցածր վարկանիշի մասին, Fox & Friends ծրագրում հենց նոր ցույց տվեցին, որ իմ վարկանիշը 2017-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ մոտավորապես նույնն է, ինչ Օբամայինը 2009թ. դեկտեմբերի 28-ին, երբ այն 47% էր, և դա՝ չնայած զանգվածային բացասական սփռմանը և Ռուսաստանի հետ կեղծիքին»,- գրել է Թրամփը Twitter-ում: