Apple-ը պարտվել է Steve Jobs -ի դեմ դատը
Իտալական Steve Jobs ընկերությունը, որն զբաղվում է ջինսերի արտադրությամբ, շահել է ամերիկյան Apple ընկերության դեմ դատական գործը, հայտնում է Rambler.ru կայքը:
Ինչպես գրում է The Verge-ը, 2012-ին եղբայրներ Վինչենցո և Ջակոմո Բարբատոները որոշել են Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի անունով առևտրային ապրանքանիշ ստեղծել, որի ներքո եղբայրներն սկսել են ջինսեր արտադրել:
Նշվում է, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը շտապել է իտալացիներին դատի տալու հարցում, սակայն դրա պատճառը ոչ թե ընկերության անվանումն էր, այլ լոգոն, որն իրենից ներկայացնում կծած J տառը՝ ամերիկյան հայտնի խնձորի օրինակով:
Այնուամենայնիվ դատարանը պաշտպանել է իտալական ընկերությանը, և Steve Jobs-ը մտադիր է ընդլայնել իր տեսականին:
Հիշեցնենք, որ Apple ընկերության դեմ օրեր առաջ դատական հայց է ներկայացրել հայազգի Վիոլետա Մաիլյանը, որն ընկերությունից մոտ 1 տրլն (999,999,999,000) դոլար փոխհատուցում է պահանջում՝ iPhone սմարթֆոնների հին մոդելների օպերացիոն համակարգի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման համար: