Թուրք երիտասարդը վախեցրել է Էրդողանին՝ փորձելով գրկախառնվել նրա հետ (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեինթիկնապահները: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին ԱԶԿ առաջնորդ Էրդողանի ելույթի ավարտին: Էրդողանը, ավարտելով ելույթը, ցանկացել է հրաժեշտ տալ ներկաներին, երբ անսպասելիորեն դեպի բեմ վազած անծանոթ երիտասրդը փորձել է նետվել Թուրքիայի նախագահի գիրկը, ինչն էլ մի պահ խուճապ և խառնափոթ է առաջացրել:
Էրդողանի թիկնապահները հեռացրել են երիտասարդին, որից հետո վերջինս ձերբակալվել է:
Հարցաքննության ժամանակ Հյուսեյն Դեմիրջան անունով երիտասարդը հայտնել է, որ շատ է սիրում Էրդողանին և ուղղակի ցանկացել է ողջագուրվել նրա հետ: Դեմիրջանը նշել է նաև, որ իր հարազատներից շատերը սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից: Դեմիրջանը ափսոսանք է հայտնել, որ իր քայլը սխալ է հասկացվել:
Ավելի ուշ երիտասարդն ազատ է արձակվել: