Սերժ Թանկյանի համար բարդ էր Ցեղասպանությունը հերքողի խոսքը լսել և երաժշտություն գրել
Ամերիկյան System of A Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Rolling Stone ամսագրին տված հարցազրուցում ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի համար երաժշտություն գրելիս ամենաբարդը ցեղասպանությունը ժխտողի խոսքը լսելն էր: Այս մասին փոխանցում է PanArmenian.net-ը:
«Բնաջնջման մտադրություն»-ը Հայոց ցեղասպանության ժխտման մասին անհավանական վավերագրական ֆիլմ է: Այն շատ հոգեհարազատ էր ընտանիքիս: Տատս ու պապս ցեղասպանությունը վերապրածներ են, և ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում խոսել եմ ցեղասպանության և ներկայի միջև կապի մասին: Ֆիլմի համար երաժշտություն գրելը բարդ էր: Ես այդ գործի մեջ շատ զգացմունքներ եմ դրել, և Ջոն (Ջո Բեռլինգեր՝ «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի ռեժիսոր-խմբ.) շատ երջանիկ էր, որ կարողացել եմ երաժշտության միջոցով փոխանցել այն ամենը, ինչ կատարվում էր ֆիլմում: Ջոն վավերագրական ֆիլմի վարպետ է ու միշտ ներառում է իրարամերժ կարծիքներ: Նա ֆիլմում ներառել է ցեղասպանությունը ժխտողի խոսքն, ու դա սարսափելի էր»,- նշել է Թանկյանը:
Ռոք երաժիշտը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող մեկ այլ՝ «Խոստումը» ֆիլմի մասին: Ըստ նրա՝ ֆիլմի ամենաազդեցիկ պահն այն է, երբ հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլի մարմնավորած հերոսը մտնում է հյուրանոց և հայտարարում, որ «նրանք սպանում են տղամարդկանց, կանանց ու երեխաներին աքսորում անապատ»:
«Այս պահը ընդամենը 15 վայրկյան է տևում ֆիլմում, բայց այն շատ հզոր է»,- ասել է Թանկյանը:
Նա պատմել է նաև, թե ինչպես է մտերմացել և աշխատել «Խոստումը»-ի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելի հետ, ով ինքնասպանություն էր գործել 2017-ի ամռանը: