Երևան է ժամանել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին. նրա համերգը Երևանում կկայանա դեկտեմբերի 25-ին
Քիչ առաջ Երևան է ժամանել հայ երաժշտասերների կողմից սիրված ու սպասված բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Իտալացի երաժիշտը դեկտեմբերի 25-ին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ ներկայացնելով նոր համերգային ծրագիր։ Պիետրոդարկին նվագախմբի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Հանդիսատեսը կունկնդրի կոմպոզիտորներ Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Կիակիարետայի, Կարլոս Գարդելի գործերից։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին օդանավակայանում նշեց, որ ամեն անգամ մեծ ուրախությամբ է գալիս մեր երկիր, ինքն այնքան սիրում է Հայաստանը, հայ հանդիսատեսին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Սերգեյ Սմբատյանին։ «Ես սիրում եմ այս նվագախումբը, նրանց կատարած աշխատանքը։ Նրանք երիտասարդ են ու շատ են աշխատում, կատարելագործվում են անընդհատ։ Եվ ինձ համար մեծ հաճույք է նվագել նրանց հետ»,- ասաց բանդոնեոնահարը՝ ավելացնելով, որ նվագախմբի հնչողությունը շատ գեղեցիկ է, ուղղակի ֆանտաստիկ։