Համացանցում է հայտնվել Ուկրաինայի վարչապետի՝ լրտեսության համար մեղադրվող օգնականի ձերբակալության տեսանյութը
Ուկրաինայում ձերբակալվել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի օգնական Ստանիսլավ Եժովը, որը մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսությամբ զբաղվելու համար: Այս մասին գրում է Украинские новости-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է «լրտեսի» ձերբակալության մասին, որը հատուկ սարքավորումների միջոցով տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար Ուկրաինայի պետական կառույցների գործունեության մասին: Ենթադրվում է, որ տեղեկությունները նա փոխանցել է էլեկտրոնային տարբերակով:
Եժովին ձերբակալել են աշխատավայրում, «պետական դավաճանություն» հոդվածով կասկածվելու մասին, որի համար նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Եժովը Գրոյսմանին ուղեկցել է բոլոր միջազգային հանդիպումների և ուղևորությունների ժամանակ:
Նշենք, որ ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: