Թուրքիայում միայն կանանց համար նախատեսված ավտոբուսներ են երթուղի դուրս եկել
Թուրքիայի Մարաշի քաղաքապետարանը կանանց համար հատուկ ավտոբուսներ է գործարկել: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում տալով «demokrathaber.org»-ին:
Կայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ավելի վաղ նման նախաձեռնություն էր իրականացվել նաև Մալաթիայում:
ԱԶԿ-ական քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեթ Էրքոչի հրահանգով իրականացվող նախաձեռնության շրջանակներում ներկայումս գործարկվել են հատուկ կանանց համար նախատեսված 13 և 22 համարը կրող երթուղիները: Այդ ավտոբուսների՝ օրվա ընթացքում վերջին մեկնարկը երեկոյան 19:00-ին է:
Հավելենք, որ նախկինում Բուրսայի մետրոյում «հատուկ կանանց համար» վագոններ էին գործարկվել: Այդ նախաձեռնությունը բուռն քննադատության էր արժանացել, ինչից հետո պատասխանատու պաշտոնյաները հայտարարել էին, որ վագոնները բացառապես կանանց համար չեն. դրանցում կանանց առաջնահերթություն կտրվի, բայց անհրաժեշտության դեպքում այդ վագոններում կարող են երթևեկել նար տղամարդիկ:
Բոլոր այս նախաձեռնությունները կանանց շրջանում բացասական են գնահատվել՝ որակվելով որպես սեռական խտրականություն: Կին ուղևորները նշել են, որ նման միջոցառումներով հնարավոր չէ պայքարել կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության դեմ: