Ծաղրանկարիչ Լաթուֆը քննադատել է «Twitter»-ը վերահսկելու Էրդողանի փորձերը
Պաղեստինյան ծագմամբ բրազիլացի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆը քննադատել է Twitter-ի վրա ճնշում գործադրելու Էրդողանի փորձերը: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում տալով թուրքական «Evrensel.net» կայքին:
Կայքի տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահի վերաբերյալ իր ծաղրանկարներով հայտնի Լաթուֆը համոզմունք է հայտնել, որ եթե այդ ծաղրանկարները Թուրքիայում արված լինեին, ապա իր նկատմամբ ևս բռնություններ կկիրառվեին:
Հիշեցնելով, որ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը մասսայաբար ձերբակալվում կամ ազատազրկվում են, Լաթուֆն ասել է. «Անկասկած է, որ եթե այդ ծաղրանկարները Թուրքիայում արած լինեի, ինձ կկալանավորեին, կտտանքների կենթարկեին և, հնարավոր է, որ ֆանատիկներից մեկը փորձեր ինձ սպանել, ինչպես պատահեց Ջան Դյունդարի հետ»:
Միջանկյալ հիշեցնենք, որ անվանի ծաղրանկարիչը Էրդողանի վերաբերյալ քաղաքական ծաղրանկար էր հրապարակել թվիթերյան իր էջում, ինչից հետո Թուրքիայի նախագահի փաստաբանները «Twitter»-ից պահանջել էին արգելափակել Լաթուֆի կողմից հրապարակված շուրջ 80 բովանդակություն, այդ թվում՝ նշյալ ծաղրանկարները:
«Միթե սա է Թուրքիայի ժողովրդավարությունը: Ինչո՞ւ Էրդողանը չի ցանկանում, որ թուրքերը տեսնեն այդ ծաղրանկարները: Ինչի՞ց է վախենում Էրդողանը», - հարցրել է Լաթուֆը՝ Էրդողանի այդ պահանջը որակելով որպես գրաքննություն:
Ծաղրանկարիչը նկատել է, որ Թուրքիայում մամուլի նկատմամբ շատ լուրջ ճնշումներ են գործադրվում: Նա նշել է, որ սոցիալական ցանցերի միջոցով հետևում և անդրադառնում է ոչ միայն Թուրքիայում, այլև Պաղեստինում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:
Լաթուֆը պատմել է, որ 2010թ. եղել է Թուրքիայում և մեծ գոհունակությամբ նկատել, որ ընթերցողների մի մեծ զանգված հետևում է իր ծաղրանկարներին. դրանք արագորեն տարածվում են սոցցանցերում: Նրա կարծիքով՝ Էրդողանը հենց այդ պատճառով է պարբերաբար փորձում ճնշում գործադրել «Twitter»-ի վրա: Առավել ևս, որ նախկինում Լաթուֆի ծաղրանկարները օգտագործվել են նաև ցույցերի ժամանակ՝ «արաբական գարուն» կոչված հեղափոխությունների ալիքի ժամանակ:
Լաթուֆը նկատել է, որ եվրոպական երկրները լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները. «Ցավոք Էրդողանի անհատական կրքերի պատճառով Թուրքիայում աստիճանաբար իշխում է մի տոտոլիտար ռեժիմ, որտեղ ընդդիմադիրները պիտակավորվում են որպես պետության թշնամիներ: Ակնհայտ է, որ Եվրամիությունը աչք է փակում Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, քանի որ Էրդողանը սիրիացի փախստականներին օգտագործում է որպես քաղաքական շանտաժի գործիք», - ասել է Լաթուֆը: