Թասիբի հարց է ախր, գոնե զինվորի ուտելիքը հարամ մի՛ արեք, կուլ չի գնալու
Հայաստանում ում քնից հանես առանց բացառության բանակի արևով կերդվի: Բայց մարդիկ, առանց խղճի խայթ զգալու մարգարինը կարագի տեղ զինվորի վրա են ծախում: Մեկը ընկած դռնեդուռ գուլպա է հավաքում, որ սահմանին կանգնած զինվորները չմրսեն, մյուսը՝ մարգարինը, կնիքի մեկ հարվածով, դարձնում է կարագ:
Բա լավ, էդ սպը-ներում ու պետական կառույցներում մեկ հոգի չկար, որ ձեռքները բռներ ու ասեր՝ ախր տղերք հարամ բան եք անում, էդ փողը ոնց է կուլ գնալու: Լավ, ամբողջ անձնակազմի մեջ մի հոգի չկար, որ 2016 թվականին Արցախում էր եղել ու նայել էր սահմանը պահող 18 տարեկան երեխեքի աչքերին, որ գոնե էդ աչքերից ազդված կարագի փոխարեն մարգարին չբռթեին զինվորի վրա:
Հիշում եմ, մի տարի մեր զորամաս չգիտեմ որ հիմնարկից անորակ միս էին բերել, գնդի հրամանատարը զորավարժության էր, զանգեցին պահեստից զեկուցեցին, որ միսը անորակ է, առանց մեկ վայրկյան մտածելու սարերից իջավ զորամաս ու հետագայի մասին լեգենդներ են պտտվում, թե ինչ օրը գցեց համ միսը բերողին, համ բերելու հրաման տվողին, համ այդպիսի միս բերել թույլատրողին:
Թասիբի հարց է ախր, գոնե զինվորի ուտելիքը հարամ մի արեք, դա բկներիդ կուլ չի գնալու:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք