Ինչու է Մհերը համոզված, որ հենց ինքն է «Եվրատեսիլ 2018»-ին Հայաստանը ներկայացնելու, որտեղից նման վստահություն (տեսանյութ)
Երեկ Մհերը իր Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրառումից հասկանալի էր դառնում, որ վերջինս մասնակցելու է Հանրային Հեռուստաընկերության կողմից «Եվրատեսիլ» մրցույթի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին։
Հատկանշականն այն էր, որ Մհերը նշել էր. «Վաստակել եմ իմ երկիրը աշխարհին ներկայացնելու հնարավորություն»: Հարց է առաջանում, որտեղի՞ց Մհերին նման վստահություն, որ նախընտրական փուլին մասնակցելը արդեն իրենից ենթադրում է մրցույթում հաղթել և Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնել: Միամտություն կլինի կարծելը, որ Մհերի այս գրառման ենթատեքստը սխալ ընկալման արդյունք է, քանի որ նույն այդ ենթատեքստը կար նաև նրան Վաստակավորի կոչում շնորհելու որոշման առանցքում:
Բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչպես է Մհերը «վաստակում» իր հաջողությունները:
Եթե Մհերը նման վստահություն ունի՝ իր «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու հարցում, ապա այստեղ կարևոր մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է կազմակերպվում և անցկացվում «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, եթե նրա ելքը արդեն կանխորոշված է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից, ստացվում է, բացի նրանից, որ այս «մրցույթը» ֆիկտիվ բնույթ է կրում, նաև հսկայական գումարներ են ծախսվում այդ մրցույթի անցկացման համար: Նույն պատկերն է տիրում նաև «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների ընտրության և կազմակերպչական հարցերում: Անհասկանալի է, թե ով է ընտրում այդ տարօրինակ, ոչ բեմական զգեստները, որոնք էլ մրցույթի ժամանակ կրում են մասնակիցները: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե թիմ է աշխատում, այլ առանձին անհատի անձնական քմահաճույքով են առաջնորդվում՝ ամեն տարի ներկայանալով նույն՝ ոչնչով չտարբերվող մռայլ կերպարներով:
Հավելենք նաև, որ մինչ այժմ հայտնի աստղերից ոչ ոք մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել և դա ամենևին կապված չէ ցանկության բացակայության հետ, քանի որ բոլորի համար էլ մինչ մրցույթի սկսելը նրա ելքը կանխորոշված է և ամենևին էլ այն անակնկալ չի լինի, ինչպես և անակնկալ չեղավ Մհերի «Վաստակավոր արտիստի» կոչում ստանալը: