Սերժ Սարգսյանը անդրադարձել է ԵՄ համաձայնագրին և վիզաների տրամադրմանը
«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խոսել է ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվող վիզաների ազատականացման գործընթացի մասին։
«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում-փոխզիջում ձևակերպումների ներքո։ Դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ առողջ տրամաբանությունը իրոք հաղթեց, և եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում, նշանակում է, որ կողմերը հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին։ Թե ինչ ճանապարհներով ենք հասել, զուտ բանակցային պրոցես է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով՝ «Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է երկխոսել թե Արևմուտքի, թե Արևելքի, կոնկրետ՝ Ռուսաստանի հետ»:
«Նույն ժամանակահատվածում ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում։ Երբ բանակցությունների առաջին փուլը սկսում էինք, անկեղծորեն ասեցինք եվրոպացիներին, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, և չենք կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին։ Ելավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել, որ գիտեք, այ ԵԱՏՄ այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին։ Մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու տնտեսական շուկաների միջև, մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռևս 2010 թ. այսպես էինք պայմանավորվել։ Եվ չէինք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մենք ամեն բան արել ենք թափանցիկ»,- նշել է Սարգսյանը։
Նա նշել է, թե Հայաստանը էապես տարբերվում է և Ուկրաինայից, և Բելառուսից, այլ երկրներից։
«Ի վերջո, ԵՄ-ն հսկա շուկա ունի, և մեր նպատակը պետք է լիներ և կա արտահանման խթանումը։» - ասել է նախագահն ու հավելել. «Մեր արտահանման 28 տոկոսը բաժին է հասնում ԵՄ-ին։ Մենք պետք է այս ուղղությամբ գնանք եւ համադրենք շահերը։ Ովքեր փորձում ենք հակադրությունների վրա խաղալ, մշտապես գլխացավանք են ունենում»։
Անդրադառնալով հաղորդավարի «կա՞ արդյոք որոշակի ժամկետ` վիզների ազատականացումն իրականության մեջ տեսնելու մասով» հարցին, Նախագահը պատասխանել է.
«Ուզում եմ, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ նոր համաձայնագիրն առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացումը, կամ, ինչպես դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումը, այլ գործընթաց է:
Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայնագիր` չի նշանակում, որ ինքնին սկսվեց վիզաների կամ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը:
Այո՛, գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երևի թե անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա, միգուցե, առաջին կեսին կամ մինչ այդ, թեև անշնորհակալ գործ է երկրով մեկ հայտարարություն անել որևէ ժամկետի մասին, բայց, կարծում եմ, այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այստեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»: