«Կա սահման, որը չեմ անցնի նույնիսկ մեծ գումարի դեպքում». Թամարա Գևորգյանն՝ իր համաձակ ֆոտոշարքի և ձմեռային դեպրեսիայի մասին
Դերասանուհի Թամարա Գևորգյանը հայ հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ այս տարի՝ սերիալային կերպարներով և «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերով: Վերջերս Թամարան, համագործակցելով լուսանկարիչ Նարեկ Արշակյանի և դիմահարդար Իզաբելլա Պապարիցուի հետ, ներկայացրեց բավականին հակարձակ ֆոտոշարք՝ ցուցադրելով սեքսուալ և ճակատագրական կնոջ կերպար:
NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել, որի ընթացքում Թամարան խոսել է ոչ միայն ֆոտոշարքում իր կերպարի, այլև գալիք Ամանորի և դրան նախորդող դեպրեսիայի մասին:
Թամարա, սեքսուալ ֆոտոշարք իրականացնելիս կարևոր է չանցնել վուլգարության սահմանը: Հե՞շտ էր դա պահելը:
Մարդ կամ վուլգար է, կամ՝ ոչ: Սահմաններն ինձ թվում է՝ շատ ներքին են: Միգուցե, միևնույն բանը անեն երկու տարբեր մարդիկ՝ մեկինը վուլգար ստացվի, մյուսինը՝ ոչ:
Կանայք տարբեր կերպ են ընկալում սեքսուալ լինելը: Քեզ համար ո՞րն է կնոջ գրավչության գաղտնիքը:
Կարծում եմ՝ գրավչության գաղտնիքն ինքնատիպությունն է…
Սերիալներում քո կերպարները, սովորաբար, ունեն բացասական գիծ: Ի՞նչ ես կարծում` ինչո՞ւ են ռեժիսորները քեզ հենց այդպիսի կերպարում տեսնում:
Առաջին նախագծում բացասական կերպարով հանդես եկա, ասում են՝ ստացվեց: Եվ դա երևի արդեն այդպես էլ ընկալվեց: Ինձ թվում է՝ առաջիկայում կփոխվի այդ կարծրատիպը: Թատրոնում մի շարք դրական կերպարների եմ մարմնավորել: Ես երկու տեսակների մեջ էլ ինձ հարմարավետ եմ զգում:
Որպես դերասանուհի` ավելի համարձակ ֆոտոշարքերի կամ դերերի պատրա՞ստ ես: Կա՞ սահման, որը չես անցնի անգամ լավագույն առաջարկի կամ բարձր գումարի դեպքում:
Որպես դերասանուհի… ճիշտ եք՝ այո, որպես դերասանուհի կարող եմ: Չեմ քննադատում ոչ մեկին, ամեն մարդ ունի իր կարծիքը: Բայց ես հստակ գիտեմ, որ դերասանուհին պետք է ճկուն լինի և ամեն կերպ էլ կարողանա ներկայանալ: Այլ հարց է, թե ինչ շուկա է քեզ դա առաջարկում, ու ինչ արդյունք կլինի: Կա սահման, որը չեմ անցնի, իհարկե, նույնիսկ՝ մեծ գումարի դեպքում: Բայց նորից կրկնեմ՝ սահմանները շատ ներքին են ու անհատական:
Տարին մոտենում է ավարտին: Շատերի մոտ արդեն սկսվել է ձմեռային դեպրեսիսան: Եղանակային փոփոխություններն ազդո՞ւմ են քեզ վրա:
Ճիշտն ասած՝ միշտ ունեցել եմ ոչ թե ձմեռային, այլ նախատոնական դեպրեսիա: Այդ տոնական իրավիճակն ինձ միշտ դեպրեսիայի մեջ էր գցում: Բայց հիմա աշխատում եմ ինձ վրա ու տրամադրվում: Ահասարակ, կարողանում եմ աշխատել թերություններիս վրա՝ փորձելով շտկել դրանք:
Ամփոփելով այս տարին` կնշե՞ս ստեղծագործական ի՞նչ ձեռքբերումեր ունեցար և ի՞նչ է սպասվում 2018 թ-ին:
Ամփոփելով տարին՝ կարող եմ ասել, որ այն չափազանց հագեցած էր: Կորուստների ու ձեռքբերումների տարի էր: Ստեղծագործական առումով կարող էր ավելի լավը լիներ: Բայց 2017-ն ինձ չափազանց կարևոր մարդկանց նվիրեց, իսկ ավելորդներին՝ հեռացրեց: Մյուս տարին էլ ավելի լավ է լինելու (ժպտում է):