Հայուհի Դայան Թագվորյանը բնապահպանության հերոս է ճանաչվել ԱՄՆ-ում (տեսանյութ)
Ամերիկյան Սան Դիեգոյի բնակչուհի Դայան Թագվորյանը, որը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, ամերիկյան KPBS հեռուստաալիքի և Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի որոշմամբ ճանաչվել է «Համայնքի հերոս»: Այս մասին գրում է kpbs.org-ն:
Հհայուհու ղեկավարած Environmental Health Coalition կազմակերպությունը, որը հիմնվել է 1980թ., զբաղվում է բնապահպանական ու սոցիալական արդարության խնդիրների լուծմամբ:
Թագվորյանի խոսքով՝ կազմակերպությունն առաջնորդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել, աշխատել ապահով, անվտանգ միջավայրում:
«Եկավ մի պահ, երբ գիտակցեցի, որ բազմաթիվ խտրականությունների թվում կա նաև բնապահպանականը: Այն համայնքներում, որտեղ ապրում էին ցածր եկամուտ ունեցողները, բնական միջավայրի աղտոտվածության մակարդակը շատ բարձր էր, ու ստեղծված իրավիճակի համար լուծումներ չկային: Մենք փորձեցինք խնդրի մասին բարձրաձայնել իշխանություններին, բայց պատասխանը չբավարարեց մեզ: Դա դեռ սկիզբն էր: Այժմ անցել է մի քանի տասնամյակ, ու մեր կազմակերպությունը բազում հաղթանակներ է ունեցել»,-ասել է հայուհին:
Թագվորյանի ձեռքբերումները գրավել են բազմաթիվ ազդեցիկ անձանց՝ այդ թվում նաև ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի ուշադրությունը, ինչի շնորհիվ նրան վստահվել են նշանակալի նախագծեր, պատասխանատու պաշտոններ, բացի այդ, նա արժանացել է մի շարք մրցանակների:
«Մեծանալուն զուգահեռ սկսեցի նկատել՝ ինչ է կատարվում իմ համայնքի մյուս բնակիչների հետ: Իմ պատմությունը, տատիս, պապիս պատմությունն ինձ համար շարժառիթ դարձան տառապող մարդկանց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում օգնելու համար»,-ասել է նա: