Չերչիլի ակնոցը աճուրդում վաճառվել է գրեթե 10 հազար դոլարով
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին (1874-1965) պատկանող ընթերցանության ակնոցն աճուրդում վաճառվել է 7,3 հազար ֆունտ սթերլինգով (9,8 հազար դոլարով), գրեթե 5 անգամ գերազանցելով նախնական արժեքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդի տան տեր Քեթրին Սաութոնը:
«Ակնոցի համար կատաղի պայքար էր ընթանում, շատերը դրույք էին կատարում հեռախոսով, արդյունքում այն բաժին հասավ Մեծ Բրիտանիայից գնորդի»,- ասել է Քեթրին Սաութոնը՝ հավելելով, որ չի կարող հայտնել նոր տիրոջ անունը:
CW Dixey & Son ընկերության արտադրության կլոր ակնոցի նախնական գինը 1000-ից մինչեւ 2 հազար ֆունտ սթերլինգ էր:
Ինչպես նկարագրվել է աճուրդում՝ Չերչիլը տարբեր ակնոցներ էր օգտագործում՝ ելույթների ժամանակ և առօրյա կյանքում: Արդյունքում դրանք դառնում են քաղաքական կերպար նրա համար՝ գլխարկի և սիգարի հետ միասին: