«Spice girls» աշխարհահռչակ խմբի Մել Բին սովորում է հայերեն . Սիրուշոն նրան օգնում է այդ հարցում
Աշխարհահռչակ «Spice girls» խմբի անդամներից երգչուհի Մել Բին ցանկանում է հայերեն սովորել: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի ինսթագրամյան էջից, որում երգչուհին հայերեն գրքի լուսանկար է հրապարակել` դրան կից գրելով. «Այն ճանապարհին է, Մել Բի»:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Մել Բին Ամերիկայի «America's Got Talent» նախագծի շրջանակներում մասնակիցներից մեկի հետ հայերեն էր խոսել: «Ինչպես ասում են հայերը, Դու ՎԵՐՋՆ ես»,- նշել էր երգչուհին:
Բացի դրանից, Սիրուշոն նաև լուսանկար է հրապարակել Մել Բիի հետ:
«Մել Բի, դու էներգիայի աղբյուր ես և լուսավոր հոգի ունես»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Սիրուշոն:
Նշենք նաև, որ Մել Բին ավելի վաղ ներկայացրել էր լուսանկարներ, որոնցում կրում էր Սիրուշոյի «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուի «Զանգեզուր» ականջօղերը: Իր հերթին Սիրուշոն, ի պատասխան երգչուհու այս քայլին, գրել էր.
««Spice girls» խմբից Մել Բին կրում է «Պռեգոմեշ» ականջօղերը և շնորհավորում է Երևանին: Սա երեկ տեղի ունեցած ամենազիլ իրադարձություններից մեկն է: Երբևէ կպատկերացնեի ՞ք Spice Girl, ով կկրի հայկական ավանդական զարդ: Մել Բի, դու հիանալի ես»:
Հիշեցնենք, որ վերջերս Մել Բին ամուսնացել է հայտնի ամերիկաբնակ ոճաբան-վարսահարդար Գարի Մադաթյանի հետ, ով, ի դեպ, Մել Բիի անձնական վարսահարդարն է: