«Քոչարի»-ն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության արժեքների ցանկում
Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն քիչ առաջ «Քոչարի»-ն Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։
«Քոչարի» պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական դրսևորումներից է և տարածված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ու հայկական սփյուռքում։ Այն ավանդական մշակույթի այն հազվադեպ դրսևորումներից է, որի սերնդե-սերունդ փոխանցման շղթան չի ընդհատվել, կենսունակ է և մեկտեղում է ազգային ինքնության, միասնականության ու համերաշխության բոլոր դրսևորումները՝ որպես կատարյալ ժողովրդական ստեղծագործություն։