Էս իշխանությանը պետք է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում, որ բնակչության կենսամակարդակը բարելավվի, քանի որ հակառակ դեպքում վերջինս ընտրություններում հաղթանակ չի տանի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետական կուսակցությունը վերջին ընտրություններում 700 քանի հազար ձայնի 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով, 10 հազար դրամը տվել են, ձայնը ստացել են: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչի էս խորհրդարանական մեծամասնությունը պետք է ուզի, որ ժողովուրդը ավելի լավ ապրի քան հիմա: Չպիտի ուզենա, որ մարդը լավ ապրի, որովհետև եթե մարդը լավ ապրեց, 10 հազար դրամը իր համար մեծ գումար չի լինելու, որ ինքը գնա վազելով հանրապետականի համար քվեարկի»,-ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով, աղքատության այս ցուցանիշը միայն պայմանն է, որ այս կուսակցությունը շարունակի իշխել, որովհետև եթե մարդիկ մի քիչ լավ ապրեցին 10 հազար դրամը իրանց ինչին է պետք. «Էս իշխանությանը հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին 10 հազար դրամին կակա ասի, որ ինքը ընտրություններում հաղթի»,-ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նման իրավիճակ երկրում ստեղծվել է, քանի որ քաղաքացիները ընտրակաշառքով են ընտրել ներկայիս իշխանություններին. «Սա Ձեր ընտրության արդյունքն է, վայելեք, որովհետև եթե դուք լավ ապրեք, այս կուսակցությունը չի գոյատևի: Էս երկում որևէ բան չի փոխվի, քանի որ 10 հազարով գնում եք ընտրության, շարունակելու եք մնալ աղքատ, գաղթական»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2018 թվականի բյուջեի նախագծին: