ԵԽ նախարարների կոմիտեի աննախադեպ դատաքննություն է հարուցել Ադրբեջանի դեմ. Արփինե Հովհաննիսյան
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին, հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ:
Պետք է նշեմ, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»: