Մահացել է հանրահայտ ռոք երաժիշտ Ջոննի Հոլիդեյը (լուսանկարներ, տեսանյութ)
Յոթանասունչորս տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի երգիչ, երգահան Ջոնի Հոլիդեյը։ Այդ մասին «Ֆրանս պրես» գործակալությանը հայտնել է նրա կինը՝ Լետիցիան։
«Նա հեռացավ...Ես գրում եմ այս տողերը՝ չհավատալով դրան։ Եվ, այնուամենայնիվ, դա այդպես է։ Իմ տղամարդն այլևս չկա։ Նա լքեց մեզ այս գիշեր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա ապրեց արժանապատվորեն»,- ասվում է երաժշտի կնոջ հայտարարությունում։
Ռոքերը մոտ մեկ տարի պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ քիմիաթերապիան բացասաբար է ազդել երաժշտի առողջության վրա, և նրա վիճակը վատթարացել է։
Ջոնի Հոլիդեյի իրական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ է, նա ծնվել է 1943 թվականի հունիսի 15-ին Փարիզում։ Իր կարիերայի ընթացքում նա իրականացրել է ավելի քան 400 շրջագայություն, որոնք հավաքել են ավելի քան 15 մլն հանդիսատես։ 2005 թվականի դրությամբ վաճառվել է նրա մոտ 80 մլն ձայնասկավառակ։ Նա շատ երգեր է գրել շանսոն ոճով, նաև՝ ֆիլմերի համար։