Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը
18 երկրների ներկայացուցիչներ Հայաստանում կպայքարեն «Թոփ մոդել ԱՊՀ 2017» տիտղոսի համար: Նախկին ԽՍՀՄ տարածքից, Ռումինիայից և Բուլղարիայից մասնակիցները Հայաստան են ժամանել դեկտեմբերի 4-ին: Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում:
Մասնակիցները պրոֆեսիոնալ մոդելներ են: Նրանք արդեն իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող, այժմ պայքարելու են գլխավոր մրցանակի համար: Հայաստանը մրցույթում կներկայացնեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Բացի բուն մրցույթից՝ մոդելները հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանը այցելելով տարբեր տեսարժան վայրեր:
Մրցույթի նպատակներն են բացահայտել աղջիկների, որոնք ունակ են բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզներում, ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում, ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները ԱՊՀ երկրների մասշտաբով:
Տիտղոսակիրը կունենա մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն: Հաղթանակին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից: Նա կստանա միջազգային լավագույն մրցույթներին մասնակցելու իրավունք, նվերներ միջոցառման գործընկերների կողմից:
«Թոփ մոդել ԱՊՀ 2017»-ի նախաձեռնողները այս ամառ Հայաստանում կայացած «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպիչներն են: Ծրագիրն իրականացնում է 2 բրենդային կազմակերպություն՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» պրոդյուսերական կենտրոնը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի:
Ըստ կազմակերպիչների՝ ժյուրիի կազմում կլինեն 12 փորձառու մասնագետներ՝ 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 5-ը՝ ԱՊՀ մյուս երկրներից: Նշվում է նաև, որ միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ, հայտնիներ ՌԴ-ից, ՀՀ-ից, ԱՊՀ այլ երկրներից, կինոյի և էստրադայի աստղեր, արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներ:
Միջոցառման աջակիցներն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: