Հայաստանի էլեկտրական ցանցերը սպառողների իրավունքների խախտման համար 5 մլն դրամով կտուգանվի
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլ-մայիսին մոնիթորինգ է իրականացրել և պարզել, որ ՀԷՑ-ը խախտումներ է թույլ տվել էլեկտրասպառման համակարգին նոր միացող կամ վերակառուցվող համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար կնքվող պայմանագրերում։ Դրանով, ըստ հանձնաժողովի, ընկերությունը խախտել է սպառողների իրավունքները։
Հայտնաբերված խախտումների հիմքով, հանձնաժողովն 2017 թ-ի հոկտեմբերի 16-ին ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել, որի ընթացքում ընկերությունից 2 անգամ պարզաբանում է պահանջել, երկու անգամն էլ`անպատասխան։
Այս փաստերի հիման վրա հանձնաժողովը մտադիր է տուգանել ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով։
Դեկտեմբերի 6-ին հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ կմտնի 2 շաբաթվա ընթացքում։ Տուգանքի որոշման հետ չհամաձայնելու դեպքում ՀԷՑ-ը կարող է երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ վարչական դատարան։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերություն է։ 1997թ-ին հիմնադրված ընկերության սեփականատերը 2017թ-ին դարձավ ՌԴ-ում գրանցված «Տաշիր» ընկերությունը, որի սեփականատերը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։