Թուրքիան Ցեղասպանության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը որակել է որպես ժողովրդավարության վրա հիմնված կարևոր դիրքորոշում
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նոյեմբերի 28-ին կայացրած որոշմանը, որով չեղարկվում էր Հայոց ցեղասպանությունը ժխտած թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը:
Անկարան ՄԻԵԴ-ի այս որոշման վերաբերյալ հրապարակել է հայտարարություն, որում այն որակել է իրավական կարևոր դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ»-ը:
Հայտարարության մեջ նշվում է որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով դատապարտված թուրք գործիչների խոսքի իրավունքի խախտումը, հզոր իրավական դիրքորոշում է ցուցադրել բոլոր այն գործողությունների նկատմամբ, որոնք պարտադրում են «ցեղասպանության պնդումներ»-ը ընդունել որպես ճշմարտություն:
Հայտարարության մեջ ասվում է. «ՄԻԵԴ-ի որոշմամբ մեկ անգամ ևս արձանագրվեց, որ 1915 թվականի դեպքերի քննարկումը օրինականորեն մնում է խոսքի ազատության սահմաններում, և 1915-ի դեպքերի ու Հոլոքոստի միջև կան պատմական և իրավական տարբերություններ։ Այս դրույթները ձևավորված էին արդեն 2015-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած բեկանման որոշմամբ։ Այդպիսով, հաստատվեցին նաև 1915-ի դեպքերի նկատմամբ մեր պետության իրավացի փաստարկները, որոնք ունեն իրավական հիմքեր»։