Ռուբեն Հախվերդյանը նշում է ծննդյան 67-ամյակը (տեսանյութ)
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։
Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում[1]։
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։
1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։
Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
Շվարցի «Վիշապը»
Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։
1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։
Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
2006 թվականին, ծննդյան 55 ամյակի առթիվ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»[2] ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։