Հայաստանը բարգավաճ երկրների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 96-րդ տեղը
Հայաստանը բարգավաճ երկրների «2017 Legagum Prosperity Index» համաշխարհային վարկանիշում 149 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը։
Ընդհանուր վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 96-րդ տեղ։ Սակայն սկսած 2006 թվականից, երբ առաջին անգամ կազմվել է այս վարկանիշային աղյուսակը, Հայաստանը թուլացրել է դիրքերը 8 հորիզոնականով։
Հայաստանը լավագույն ցուցանիշներ է գրանցել կրթության և անվտանգության ոլորտում, ամենացածր ցուցանիշները սոցիալական կապիտալի մակարդակում են։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ ամենամեծ դրական փոփոխությունը գրանցվել է կրթության ոլորտում։
Հարևան Վրաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ, Իրանը՝ 117-րդ, Թուրքիան՝ 88-րդ։ Աշխարհի լավագույն բարգավաճող երկիր է ճանաչվել Նորվեգիան, վատագույնը՝ Եմենը։