Շիրակի պետհամալսարանից 7 ուսանող ռեկտորի մեղավորությամբ դուրս են մնացել
Սկանդալային և անտրամաբանական իրադարձությունները շարունակում են ցնցել Շիրակի Մայր բուհը:Ուսումնական գործընթացից երեք ամիս անց ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել են յոթ ուսանող՝բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից:Այդ ուսանողներն են՝ ՆԶՊ 2-րդից 3-րդ կուրս փոխադրված Ուստյան Զավենը,Ղզրոյան Նարեկը, Ալեյան Սեյրանը,Բարսեղյան Հայկը, Մկրտչյան Դավիթը և ՆԶՊ 1-ինից 2-րդ կուրս փոխադրված Բերնեցյան Խաչատուրը և Գասպարյան Վաղարշակը:
Նախ նշեմ,որ ՆԶՊ-ն լինելով թողարկող ամբիոն որևէ ֆակուլտետի մեջ մտած չէ,որը կոպտորեն խախտում է ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքը և ռեկտորի թեթև ձեռամբ նա է համարվում այդ բաժնի դեկանը:Այսինքն` Սահակ Մինասյանը ոչ միայն ՇՊՀ-ի ռեկտորն է,այլև ՆԶՊ-ի դեկանը: Երբ մայիս ամսին կառուցվածքային վայ-բարեփոխումներ էր անում բարեփոխիչ ռեկտորը, նրա հիմնական անձնական ցանկություններից մեկը նախազորակոչային բաժինը գործող ֆակուլտետի կազմից առանձնացնելն էր: Հետևանքը երկար սպասեցնել չտվեց: Բուհից դուրս մնացած որոշ ուսանողների հետ զրույցից պարզեցի,որ նրանք ունեցել են ակադեմիական պարտք "հոգեբանություն","մարտավարություն" և այլ առարկաներից, սակայն հնարավորություն չեն ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ռեկտոր-դեկանը կամ համալսարանի վարչական այլ պատասխանատու նրանց չի իրազեկել, որ ենթակա են հեռացման, առավել ևս, նրանց համար չեն կազմակերպվել 1-ին և 2-րդ լուծարքները: Այսինքն` ռեկտոր-դեկանը կոպտորեն խախտել է 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մասին օրենքը՝ ըստ որի,ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը.:
Սակայն վտարված ուսանողները զրկված են եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները նրանց համար չեն կազմակերպվել առհասարակ:
Ավելին, այդ յոթ ուսանողներն էլ սեպտեմբերի 20-ին ստացել են փոխադրականներ և տեղափոխվել են համապատասխանաբար 3-րդ և 2-դ կուրս: Շատերը նաև վարձավճարն են մուծել:
Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել և վտարված ուսանողներից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով Բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողը իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ: Սակայն ՇՊՀ ռեկտորն,ով աչքի է ընկնում իր կամայականություններով և բուհի նկատմամբ գործած բազմաթիվ հանցագործություններով,ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին նախ տվել է հաջորդ կուրս փոխադրվելու իրավունք,ապօրինաբար որոշներից վարձավճար է գանձել` կոպտորեն խախտելով օրենքը,սեպտեմբերի 20-ից երկու ամիս և մեկ շաբաթ անց միայն տեղեկացրել է ուսանողներին,որ նրանք վտարված են բուհից: Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունում տեղյակ են,թե այս օրերին ինչ է կատարվում ՇՊՀ-ում;
Ռեկտորի կողմից յոթ ուսանողների վտարումը հակաօրինական է: Ռեկտոր Մինասյանը հիմա կփորձի չքմեղանալ,կամ այս ամենում կմեղադրի ինչ-որ մեկին,կամ էլ կհայտարարի,որ տեղի է ունեցել թյուրիմացություն և ակադեմիական պարտք ունեցող ուսանողները սխալմամբ տեղափոխվել են հաջորդ կուրս: Ինչ էլ ասի կամ պատճառաբանի ռեկտոր Մինասյանը,նա էլ շատ լավ գիտի,որ գործել է հանցանք և առավել ևս իր "թյուրիմացությունների" պատճառով ուսանողները չպետք է տուժեն:
Հավելեմ,որ ըստ վտարված ուսանողների,նրանք բազմիցս բարձրաձայնել են,որ "հոգեբանություն" առարկայից պարտք ունեն,մոտեցել են համապատասխան ամբիոն,որտեղ նրանց ասել են,որ դասավանդող դասախոսը հիվանդ է և աշխատանքի չի գալիս: Իրոք,հոգեբանության դասախոսը 2 ամիս բացակայել է
Բոլոր նորմալ բուհերում,եթե դասախոսը երկարատև բացակայում է,ապա նրան փոխարինում է այլ դասախոս:Սակայն դա վերաբերում է նորմալ բուհերին... Իսկ Շիրակի պետհամալսարանը արդեն երկու տարի դարձել է "կրթական գործի Կոլումբոս" Սահակ Մինասյանի "լաբորատոր առնետը":Ինչ փորձարկումներ ասես չի անում բուհի,այսինքն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության վրա,որոնց մեծ մասն ուղղակի մահացու է բարձրագույն կրթության համար:
Յոթ ուսանողների դուրս մնալը ՇՊՀ-ից նաև բացահայտեց այն փաստը,որ շատ բաժիններում իրավիճակը բարձիթողի է: Ինչպես ասում են գյումրեցիները՝"Շունը տիրոջը չի ճանաչում"
Հ.Գ.Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունը արձագանքելու՞ է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի այս հանցագործությանը, թե Լևոն Մկրտչյանը սա էլ "թերություն" կանվանի ու կասի` կեցցե՛ կոռուպցիայի դեմ պայքարող Սահակ Մինասյանը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: