Իրանցիների և հայերի միջև գործարարության ոլորտի դժվարությունները
Հաճախ եմ նշում, որ իրանցիների և հայաստանցիների հարաբերությունները գործարարության ոլորտում դժվարությունների են բախվում նաև այն պատճառով, որ առկա է փոխադարձ ճանաչողության խնդիր:
Ամենավերջին ակնառու օրինակը հենց երեկ Իրանի արգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի շրջանակներում Երևանում տեղի ունեցած «Հայաստան-Իրան բիզնես ֆորումում» մեր երկրի հարկային դաշտի առավելությունների հիանալի ներկայացումն էր, որը միգուցե կարող է հրապուրիչ և պարտադիր լինել եվրոպացի կամ ամերիկացի ներդրողի համար, սակայն ամենևին այդպես չէ իրանցիների պարագայում:
Բան այն է, որ իրանցիների՝ նաև գործարարության ոլորտում աշխարհընկալումը բավական տարբեր է մեզանում ընդունված կաղապարներից, և իրանցի գործարարի՝ Հայաստանում ներկայության հենց առաջին փուլում թեկուզ բարի նպատակներով մեր երկրի հարկային դաշտի առանձնահատկությունների ներկայացումը ոչ միայն օգտավետ և արդյունավետ չէ, այլ նաև գրեթե միանգամից խրտնեցնում է վերջինիս, քանի որ Իրանում հարկային կարգավորումները չունեն այն կարևորությունը և խստությունը, ինչն առկա է մեզանում կամ առավել ևս Արևմուտքի երկրներում:
Եթե արաբական երկրներում տնտեսական և քաղաքական հարաբերությունների վրա նշանակալի կերպով ազդում է «փողոցը», ապա Իրանի դեպքում այդ գործառույթն ունի ավանդական արևելյան շուկան, որը զգալիորեն պահպանում է իր հսկայական ազդեցությունը նաև գործարար մտայնության և աշխարհայացքի վրա, համաձայն որի՝ առաջնայինը բիզնես հիմնելը և այն գործի գցելն է, որից հետո միայն՝ հաճախ հընթացս, հարկային գործընթացների և կարգավորումների մասին մտածելը:
Հետևաբար իրանցիների ներգրավմամբ Հայաստանում ներդրումներ կատարելու և գործ սկսելու նպատակով կազմակերպված որևէ բիզնես համաժողովում կամ ,ծրագրում հաջողության հասնելու համար, պատկերավոր ասած, պետք է ընդհանրապես չօգտագործել «հարկ» և «հարկային» բառերը:
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք