ՄԻԵԴ-ը տուգանել է Շվեյցարիային՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերին դատապարտելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտման գործով Շվեյցարիայի դատարանի որոշումը: Նոյեմբերի 28-ին հրապարակված «Մերջանն ու այլոք ընդդեմ Շվեյցարիայի» (MERCAN AND OTHERS v. SWITZERLAND) գործով ՄԻԵԴ-ը որոշել է, որ Շվեյցարիան չի պաշտպանել թուրք Ալի Մերջանի, Հասսան Քեմալի և Էթեմ Կայալիի ազատ խոսքի իրավունքը, որոնք 2010-ին դատապարտվել էին ռասսայական խտրականության համար: Վերջիններս մեղադրվում էին Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ, հայտնում է Panorama.am-ը:
«Մերջանն ու այլոք ընդդեմ Շվեյցարիայի» գործով հայցվորներից (Ալի Մերջանին, Հասսան Քեմալին և Էթեմ Կայալին) մեկը 2007-ին խոսել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում կայացած Քեմալիստների ասոցիացիայի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայերի տարհանումների վերաբերյալ ու փոխարինել Դողու Փերինչեքին որպես բանախոս, երբ վերջինիս թույլ չեն տվել մուտք գործել Շվեյցարիա, իսկ մյուս երկուսն էլ եղել են միջոցառման կազմակերպիչները:
Վինտերտուր շրջանի դատարանը 3 թուրքն 2008-ին դատապարտել էր ու պարտավորեցրել տուգանք վճարել 4500 և 3600 շվեյցարական ֆրանկի չափով՝ ցեղասպանության ժխտման համար: 2010-ին գերագույն դատարանը ևս վճիռը ուժի մեջ էր թողել:
ՄԻԵԴ-ը գտել է, որ գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ ազատ արտահայտման իրավունքի խախտում, ու պարտավորեցրել է Շվեյցարիային դիմումատուներին տալ փոխհատուցում 4 988 եվրո, գումարած հարկերը, ինչպես նաև 25 156 եվրո, գումարած հարկերը, որպես ծախսեր:
Հիշեցնենք‚ որ Շվեյցարիայի դաշնային դատարանը Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտել էր 3 թուրքերի, որոնց գործը ներկայացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մերջանն ու այլոք ընդդեմ Շվեյցարիայի» գործով, ինչպես «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դեպքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանել է խոսքի ազատությունը: