Առցանց քվեարկությունը լուրջ հետաքննության կարիք ունի. Գոհար Գասպարյանը՝ «Մանկական Եվրատեսիլի» մասին
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Թբիլիսիում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Միշան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն ուներ առցանց քվեարկելու «Մանկական Եվրատեսիլի» կայքում։ Օգտատերերը կարող էին նույնիսկ սեփական երկրի ներկայացուցչի օգտին քվեարկել։
Սակայն մրցույթն սկսվելուն պես՝ առցանց քվեարկության հետ խնդիրներ առաջացան։
Քվեարկության հետ կապված խնդրի մասին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է նաև մրցույթում մեր պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Սակայն քվեարկության հետ կապված խնդիրները չեն խանգարել Եվրոպական հեռարձակողների միությանը կատարել ձայների հաշվարկ։ Հաղթողը որոշվել է ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50: Եվ ուշագրավ է, որ ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ Միշան 3-րդ հորիզոնականում է եղել։ Այս կապակցությամբ Գոհար Գասպարյանն իր Instagram-ում գրել է.
«Միշա, դու հիասքանչ էիր։ Մենք սիրում ենք քեզ։ Դու արժանացար 3-րդ հորիզոնականին՝ ժյուրիի կողմից։ Առցանց քվեարկությունը թերի էր և լուրջ հետաքննության կարիք ունի»։