Գրքի երևանյան առաջին փառատոն. հաղթող հեղինակները ստացան դրամական պարգևներ (լուսանկարներ)
Այսօր երեկոյան եզրափակվեց «Միհր ստեղծագործողների միության» նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գրքի երևանյան առաջին փառատոնը՝ նվիրված գրքի տոնին: Եռօրյա փառատոնն ամփոփվեց ընթերցանության անտիպ գործերի մրցույթի արդյունքները հանրությանը ներկայացնելով:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրականության մեջ մենք ունեցանք եռօրյա գրքի և գրահրատարակչության մի հրաշալի երևանյան հրավառություն: «Հրավառություն, որ մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք կողքի բերել հրատարակչին և գրողին, ընթերցողին և գրքին»,- ասաց նա:
Նշենք, որ հեղինակները մրցույթին ներկայացրել էին ապագա գրքից մի հատված: Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) ստացան դրամական պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդ համար՝ 300 հազարական դրամ։
Արմեն Ամիրյանը համոզմունք հայտնեց, որ փառատոնի ընթացքում գրքերի ցուցադրությունը հաջորդ տարիներին դառնալու է միջազգային: Հույս հայտնեց, որ հաջորդ փառատոններին ավելի շատ ու շատ երիտասարդ ժամանակակից գրողներ կմասնակցեն: