Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը. Անտոնիո Տայանի
Այսօր Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում իր ելույթում ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
Տայանիի խոսքով՝ Եվրախորհրդարանն ամբողջ ուժով ջանում է հասնել համաձայնագրի ստորագրմանը և վիզաների ազատականացման գործընթացի ակտիվացմանը:
Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ն «կշարունակի ուս ուսի կանգնել» «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ՝ նշելով, որ Գագաթնաժողովի ձեռքբերումները կարող են դրվել ապագա համագործակցության ավելի հավակնոտ մոտեցման հիմքում: «Ժամանակն է հաստատելու «Արևելյան գործընկերության» առավել հստակ հայեցակարգը՝ հիմնված ժողովրդավարական պլյուրալիզմի, մարդու իրավունքների հարգանքի և հիմնարար ազատությունների, իրավական պետության և արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության մեծացման միջոցառումների և քաղաքացիական հասարակության մասնակցության վրա»,- նշել է նա:
Տայանին կարծում է, որ ԵՄ-ն պետք է այս գործընկերությունն օգտագործի անվտանգության ընդհանուր տարածքում վստահության ամրապնդման համար:
Նրա խոսքով՝ «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում հակամարտությունները ազդում են ոչ միայն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության վրա, այլ նաև կարող են խափանել ԵՄ կայունությունն ու անվտանգությունը: