Իրավապաշտպանները կոչ են անում ԵՄ-ին չընդլայնել գործակցությունը Ադրբեջանի հետ
Իրավապաշտպան խմբերը բողոքի նամակ են հղել Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին՝ պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագախ Իլհամ Ալիևի վրա:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքի փոխանցմամբ, պահանջին միացել են մոտ 40 հասարակական կազմակերպություններ:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում հավաքվելու են ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները:
«ԵՄ-ն հայտարարել է, որ Արևելյան գործընկերության երկրները պետք է կայացած քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ ունենան, բայց Ալիևի Ադրբեջանը չի կատարում այդ առաջադրանքը», - ասել է International Partnership for Human Rights կազմակերպության նախագահ Բրիջիթ Դուֆուրը: Ըստ նրա, ԵՄ առաջնորդները չպետք է ընդլայնեն Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի դեռ այդ երկրի իշանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքացիական հասարակության, այլախոհների նկատմամբ:
Նամակում նշվում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները խախտել են Արևելյան գործընկերության մասնակից երկրների կողմից ստանձնած պարտավորություններն, ընդունելով այնպիսի օրենսդրություն, որը սահմանափակում խոսքի ազատությունը: Իշխանությունները փակել են անկախ լրատվամիջոցները, ինչպես նաև հետապնդել, ահաբեկել և ձերբակալել են անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության այլ անդամների