Ճանապարհները ձնից պետք է մաքրվեն նույնիսկ գիշերային ժամերին. նախարարը հանձնարարել է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մի շարք ստորաբաժանումներ, եղանակային փոփոխություններով պայմանավորված, կաշխատեն հատուկ ռեժիմով:
Նշվում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:
Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում (http://mtcit.am) և ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա: