Ռուսական ռազմական հեռուստաալիքի հազորդումը համեմատել է ՀՀԿ-ին ֆաշիստների հետ (տեսանյութ)
Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ:
Հաղորդավարը նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ:
«ԵՄ հետ ասոցիացիան միակ բանը չէ, ինչը Հայաստանն անում է Ուկրաինայի պես՝ դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիստների համակիրներին: Այդպես, 2016-ի մայիսին Երևանում կանգնեցվեց Գարեգին Նժդեհի արձանը՝ նա հայկական Բանդերան է (Բանդերան ուկրաինական ազգայնականության գաղափարախոսն է)»,-հայտարարել է Կրաշեննիկովան:
«Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար վերջինիս ազգային պահպանողական գաղափարախոսությամբ»,-ասել է հաղորդավարը՝ ցուցադրելով ՀՀԿ լոգոտիպը և հավելելով, որ այն հիշեցնում է «երրորդ Ռայխի խորհրդանիշները»: Նա մտավախություն է հայտնել, որ ՀՀ իշխող շրջանակների ներկայացուցիչները կարող են «Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»: