Իտալիայում մահացել է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը
Իտալիայի Պարմա քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է Սիցիլիայի «Կոզա նոստրա» մաֆիական կազմակերպության նախկին պարագլուխ Տոտո Ռիինան, հայտնել են հռոմեական ԶԼՄ-ները: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Ռիինան տարիներ շարունակ տառապում էր հիվանդությունից: Նա մահացել է Պարմայի հիվանդանոցի՝ դատապարտյալների համար բաժանմունքում, որտեղ գտնվում էր երկու վիրահատություններից հետո: Վերջին վիրաբուժական միջամտությունից հետո Ռիինան դեղորայքային կոմայի մեջ էր: Ռիինայի մահվանից մեկ օր առաջ Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն նրա կնոջը և որդիներին թույլատրել էր հրաժեշտ տալ մաֆիայի նախկին պարագլխին:
Նշվում է, որ որդիներից մեկն այդպես էլ չի կարողացել հրաժեշտ տալ հորը, քանի որ նույնպես բանտային պատիժ է կրում: Իտալացի քննիչների կարծիքով, չնայած այն բանին, որ իր կյանքի վերջին 24 տարին Ռիինան անցկացրել է ճաղերի հետևում, նրան հաջողվել է կազմակերպել համակարգ, որի շնորհիվ նա բանտից շարունակել է կառավարել սիցիլիացի մաֆիոզիներին: