Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել Խարբերդի հայկական եկեղեցու վերանորոգման պահանջով
Թուրքիայի Էլյազըղ քաղաքում 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Մարիամ Աստվածածին բողոքական հայկական եկեղեցու շենքի վերանորոգման համար ակտիվիստները ստորագրահավաք են սկսել change.org կայքում:
Ստորագրահավաքի նախաձեռնող Օղուզհան Օզօղլուն հայտարարության մեջ նշել է, որ եկեղեցին աղետալի վիճակում է, նրա վկայությամբ՝ եկեղեցու ներսն անգամ օգտագործվում է որպես «Քուրբան բայրամի» ժամանակ կենդանիներին մորթելու տարածք:
Այժմ եկեղեցու դիմացի տարածքն օգտագործվում է որպես ավտոկայանատեղի:
Հայտնի է, որ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: Ցեղասպանությանը հաջորդած շրջանում մի քանի տարի եկեղեցու տարածքն օգտագործվել է նաև որպես ալյուրի արտադրամաս, ինչից հետո մատնվել է անտերության:
Ավտոկայանատեղիի սեփականատեր Չոշքուն Դուրանը դեռևս անցյալ տարի հայտնել է եկեղեցու տարածքում հյուրանոց կառուցելու մտադրության մասին, ինչի համար արդեն ստացել է իշխանությունների թույլտվությունը: