«Խոստումը» ֆիլմն իր առաջին մրցանակն է ստացել
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը մրցանակ է ստացել Լոս Անջելեսի Human Rights Watch-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում: Մրցանակը նվիրվել է ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելիի հիշատակին:
Ամերիկացի հայտնի ռոք երգիչը ինքնասպանություն էր գործել 2017-ի մայսին՝ Դեթրոյթում կայացած համերգից անմիջապես հետո: Նրան հայտնաբերել էր թիկնապահը հյուրանոցի լոգասենյակում:
Երեկոյի ընթացքում ֆիլմը և երաժշտությունը ճանաչվել են որպես հավասարության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների տարածման ինքնատիպ և ազդեցիկ աշխատանքներ:
Երեկոյի ընթացքում ֆիլմի համանուն՝ «Խոստումը» սաունդթրեքը կատարել են One Republic հայտնի խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրոունը: Դրամահավաք-երեկոյին ներկա են եղել նաև Սերժ Թանկյանը, Դևիդ Ֆորսթերը, Անժելա Սարաֆյանը, Քիմբերլի Էմերսոնը և այլ հայտնիներ: