Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է ցեղասպանությունից փրկված հայ քահանայի օրագիրը
Ստամբուլում թուրքերեն լեզվով հրատարակվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ քահանա Ներսես Բաբայանի հիշողությունների օրագիրը, որը գրքի տեսքով լույս է ընծայվել Այնթապի հայերի պատմության ուսումնասիրմամբ զբաղվող թուրք պատմաբան Ումիթ Քուրտի և պատմության հիմնադրամի «Յուրթ» հրատարակչատան կողմից: Այս մասին գրում է Թուրքիայի հայկական պարբերականներից «Ակօսը»:
«Այնթապ 1915-1922» աշխատության մեջ քահանա Բաբայանը պատմում է հայերի անհիմն ձերբակալությունների, հայկական թաղամասերում կազմակերպվող խմբակային հարձակումների, տեղի հայության վերապրած կոտորածների ու բռնի աքսորի մասին:
Գրքի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև 1922 թվականն այստեղ ապրած հայ քահանան լույս է սփռում 1918 թվականին Այնթապ վերադարձող հայերի ու քաղաքը ֆրանսիական զորքի կողմից գրավվելուց հետո ինքնակազմակերպվելով թուրքական բանակի դեմ մղած պայքարի վրա:
Ումիթ Քուրթն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թեև ֆրանսիական զորքի՝ Այնթապ մտնելուց հետո հայերը փորձել են մղվող պատերազմում պահպանել համեմատաբար չեզոք դիրք, սակայն ի վերջո, լուրջ աջակցություն են ցուցաբերել ֆրանսիացիներին և հենց նրանց շնորհիվ ֆրանսիական բանակը կարողացել է իր վերահսկողության տակ առնել Այնթապի զգալի մասը, թեև տեղի հայերի՝ ֆրանսիացիներից ունեցած հետագա սպասումներն այստեղ այդպես էլ չարդարացան: