Տուրիստներին ձերբակալել են լողազգեստով նկարահանվելու համար (լուսանկարներ)
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Չեխիայից 6 տուրիստ են ձերբակալել‚ ովքեր ֆոտոսեսսիա են արել Սաշա Բարոն Կոենի մարմնավորած կերպարի՝ Բորատի լողազգեստներով (Borat, 2006): Այս մասին հայտնում է Informburo.kz-ն:
Վեց արտասահմանցի‚ չնայած սառը եղանակին‚ որոշել են հագնել կանաչ լողազգեստներ և I love Astana գրության ֆոնին նկարահանվել:
Հասարակական վայրում ոչ հարիր տեսքով ներկայանալու համար ձերբակալվածներին առաջադրվել է «Մանր խուլիգանության» հոդվածով մեղադրանք:
Աստանայի դատարանը 68 ԱՄՆ դոլարով տուգանել է տուրիստներից յուրաքանչյուրին:
Նշենք‚ որ Բորատ ամերիկյան երգիծական ֆիլմը Ղազախստանից ԱՄՆ մեկնած տուրիստի զավեշտալի արկածների մասին է:
Ֆիլմում գլխավոր հերոս Բորատ Սագդիևի դերակատարն է անգլիացի դերասան Սաշա Բարոն Կոենը և իր ընկեր Ազամատ Բագատովի դերում է ամերիկահայ դերասան Կեն Դավիթյանը: