«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում Հայաստանում է «Էմերսոն» լարային քառյակը
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր լուսադեմին Հայաստան են ժամանել «Գրեմմի»-ի 9-անգամյա մրցանակակիր հանրաճանաչ «Էմերսոն» լարային քառյակի անդամներ Յուզին Դրուքերը, Լոուրենս Դաթընը, Ֆիլիպ Զեթցերն ու Փոլ Ուոթքինզը:
Սա նրանց առաջին այցելությունն է Հայաստան: Փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը համերգին նախորդած՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց՝ այսօրը Հայաստանի մշակութային կյանքում պատմական օր է, հատկապես, որ այս քառյակին Հայաստանում տեսնելու համար երկար տարիներ են բանակցել:
«Բազմաթիվ հայ ընկերներ ունենք, ովքեր մեզ միշտ քաջալերել են ու ասել, որ պարտադիր պետք է գանք Հայաստան: Երջանիկ ենք, որ վերջապես այստեղ ենք», - հանդիպման ընթացքում նշեց ջութակահար Ֆիլիպ Զեթցերը, ով Հայաստանի մասին առաջին անգամ լսել է մանուկ հասակում՝ ծնողներից, ովքեր 1965 թվականին իրենց նվագախմբի հետ միասին Հայաստանում ելույթ են ունեցել:
Հայաստան գալուց առաջ երաժիշտները մանրակրկիտ ուսումնասիրել ու մոտավոր պատկերացում են կազմել մեր երկրի աշխարհագրական դիրքի մասին: Ի զարմանս իրենց՝ բացահայտել են՝ Հայաստանն ունի հնագույն մշակույթ, քիրստոնեության ծննդավայրն է, սեփական գիր ու գրականություն ունի, ինչով էլ առանձնանում է աշխարհի շատ ու շատ երկրներից:
Ջութակահար Յուջին Դրուքերն իր խոսքում հիշեց հայազգի ջութակահար Իվան Ղալամյանին, ով ժամանակին ԱՄՆ-ում ամենաազդեցիկ ջութակի ուսուցիչներից է եղել, կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդ: Նրա սաներից են Պինկաս Ցուկերմանը, Իցակ Պերլմանը և այլք:
Ի դեպ, «Էմերսոնի» անդամներից թավջութակահար Փոլ Ուոթքինզի կնոջ հայրը Ղալամյանի աշակերտներից է եղել: